top of page

Հայաստանի մասին

Հայ ժողովուրդը կազմավորվել ու իր պատմական ուղին է անցել Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող հուշարձաններով։

Քարի դարն ընդունված է բաժանել 3 փուլերի՝ հին քարի դար (պալեոլիթ, մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ), միջին քարի դար(մեզոլիթ, մ.թ.ա. 12-րդ հազարամյակ - մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր) և նոր քարի դար (նեոլիթ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր - մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր), որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին բաժանվում են առանձին փուլերի։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Դրանցից հայտնի էԳուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1.8 միլիոն տարի է։ Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։

Միջին քարի դարի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։

Ազոխի քարանձավ

Նոր քարի դարի ընթացքում՝ մ.թ.ա. 8 հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։ Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։ Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերին և 4-րդ հազարամյակի ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի դարը (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ)։ Լեռնաշխարհը ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Տարածում է գտնում Կուր-Արաքսյան մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային համալիրը Երևանիհարավարևմտյան մասում։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված,Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հազարամյակի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան մշակույթը։

Մ.թ.ա. 16-րդ դարի վերջից մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը՝ Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։

© 2015  FutureTour

Արշակունյաց 42/54  

 

  • Иконка Google+ с прозрачным фоном
  • Иконка Twitter с прозрачным фоном
  • иконка facebook

Հեռ: +374-011-210-110

T.Avanesyan

bottom of page